Սիրելի հայ զինուոր,
Դարձեալ ժամանակը եկած է, որ մեր հայրենիքը պաշտպանութեան համար պատերազմի ճակատին վրայ զինուած կանգնած ես: Կը պայքարիս մեր հայրենի սուրբ հողի պաշտպանութեան համար: Մեր Արցախը կը փորձեն կրկին խլել դաժան թշնամիները: Շնորհակալութիւն կ'ուզեմ յայտնել քու ծնողքիդ, որովհետեւ քեզ նման քաջ ու նուիրեալ զաւակ ծնած եւ դաստիարակած են: Դուն հերոս մըն ես մեր ժողովուրդին համար: Շնորհակալ եմ, որ հոգիիս մէջ հայրենասիրութեան բոցը կը լուսաւորես: Ես քեզ կը սիրեմ բոլոր սրտովս: Սթեֆանի Գարակէօզեան ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- Սիրելի հայ զինուոր, Կ'ուզեմ շնորհակալութիւն յայտնել, որ մինչեւ վերջին շունչդ Հայաստանի սահմանները պաշտպանեցիր: Ես Լիբանանէն հայ աշակերտուհի մըն եմ, որ կ'ուզեմ հայերէնս լաւ սորվիլ, որ հայրենակիցներուս հետ միշտ մայրենիով խօսիմ ու արտայայտուիմ: Շատ հերոսներ զոհուեցան սահմաններուն վրայ: Լուրերը հասան եւ մենք միայն ձեզի նուիրուած յարգանքի դասեր եւ ձեռնարկներ ունեցանք: Այս նամակը կը գրեմ յարգանքս փոխանցելու համար քեզի, բոլոր զինուորներուն եւ բոլոր զոհուած հերոսներուն: Գիտնաք, որ աշխարհի չորս կողմէն կը յիշուիք եւ շնորհակալ ենք որ կաք ու կը մնաք պաշտպանելու հայերն ու Հայաստանը: Դալար Գլընճեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Սիրելի հայ զինուոր՝ իմ ազգի պարծանք, Այս նամակով կ'ուզեմ իմ անսահման շնորհակալութիւնս յայտնել քեզ: Դուն յաղթական բազուկով, բարձր ճակատով միշտ արթուն կանգնած, կը հսկես սահմանը հակառակ սառնամանիք եղանակին: Այնքան հպարտ եմ, որ հայուհի եմ եւ ունիմ քեզ նման եղբայրներ, որոնք աննկուն կամքով ու արիութեամբ կարող են լռեցնել հակառակորդին, ձախողեցնել անոր ոտնձգութիւնները եւ խաղաղութիւն պարտադրել սահմանին: Կ'աղօթեմ որ դուն անվտանգ կատարես քու սրբազան պարտքդ եւ ողջ-առողջ տուն վերադառնաս: Մենք ազգովին կողքիդ ենք իմ հերոս եղբայր: Փառք ու պատիւ քեզ որ հայրենիքին համար չես խնայեր քու թանկագին կեանքդ: Վստահ եղիր, որ նոր սերունդը համակուած է հպարտութեամբ եւ բռունցքուած քու յաղթական ժպիտիդ շնորհիւ: Եւ երբ գայ զոհաբերութեան ժամը, անոնք պատրաստ են փութալու մեր մայր հողի փրկութեան: Իմ քաջ զինուոր, առանց քեզ՝ չկայ ազգ, չկայ հայրենիք: Կասիա Լեւոնեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Սիրելի զինուոր մեր հայկական բանակի, Թէեւ քեզ չեմ ճանչնար, բայց շատ ուրախութեամբ կը գրեմ քեզի երախտապարտութիւնս յայտնելու քու կատարած գործիդ: Մեր հայոց բանակը ուժեղ է ու զօրաւոր շնորհիւ քեզի նման քաջարի զինուորներու, որոնք անխտիր իրենց ընտանիքներէ բաժնուած գացած են պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները: Ես սփիւռքահայ պատանի մը ըլլալով կը յաճախեմ հայկական վարժարան, որպէսզի իմ կարգիս սորվիմ հայ լեզուն եւ այդ ձեւով կարենամ հայ մնալ եւ պահպանել հայ ազգը սփիռքի մէջ: Աստուած ձեր ուժն ու կարողութիւնը աւելցնէ եւ ձեր ընտանիքներուն համբերութիւն տայ: Տաւիտ Սամլաքեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Սիրելի զինուոր, Վարժարանի հայոց պատմութեան ուսուցիչը ձեր ու ձեր բարեկամներուն մասին շատ երկար զրուցեց: Հիմա կը հասկնամ ինչու դուք ձեր կեանքը կը զոհէք: Մենք շատ հպարտ ենք ձեզմով: Շնորհակալութիւն, որովհետեւ մեր քրիստոնէութեան, մեր լեզուին, մեր երկրին ու ազգին համար կը պայքարիք քաջաբար, առանց մտահոգուելու վէրքերէն եւ նաեւ մահէն: Միշտ քաջ եղէք, մի՛ վախնաք, որովհետեւ Աստուած ձեր հետն է: Ճիշդ է, որ դուք հեռու էք աչքով, բայց ո՛չ սրտով: Մեր երկրին հպարտութիւնն էք: Բերլա Փիւսկիւլեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Սիրելի հայ զինուոր, Դարձեալ ժամանակը եկած է, որ մեր հայրենիքի պաշտպանութեան համար պատերազմի ելլես զինուած, ձգած մայրդ, հայրդ, քոյրդ, եղբայրդ, տիկինդ ու զաւակներդ, կը պայքարիս մեր հայրենի սուրբ հողի պաշտպանութեան համար: Դուն ձգած տաքուկ անկողինդ, քաջաբար կը դիմադրես Ատրպէյճանցիները, որպէսզի Արցախի ծերունիները հանգստօրէն քնանան ու երեխաները ազատօրէն խաղան: Կ'ուզեմ շնորհակալութիւն յայտնել քեզ ո՛վ քաջ զինուոր եւ կ'ուզեմ համբերութիւն յայտնել ծնողքիդ եւ կը վստահեցնեմ իրենց որ դուն արդէն մեծ հերոս մըն ես մեր հայ ժողովուրդին հանդէպ: Շնորհապարտ եմ, որ հոգիիս մէջ հայրենասիրութեան բոցը կը լուսաւորես: Ամէն օր կը յիշեցնես ինծի, թէ ինչո՞ւ պէտք է հայկական դպրոց յաճախեմ եւ ինչո՞ւ պէտք է ինքնութիւնս պահպանեմ: Շարունակեցէ՛ք ձեր սուրբ գործը, որ «շուն թուրքը իմանայ հայը կար, կայ ու կը մնայ քաջ, անվախ եւ հաւատարիմ իր երկրին ու իր ազգին»: Լիզա Հայրապետեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Սիրելի հայ զինուոր, Որքան ժամանակ անցաւ եւ ես կը մտածեմ ինչպէս շնորհակալութիւն յայտնել ձեր կատարած բոլոր զոհողութիւններուն համար եւ վերջապէս կրցայ գտնել ձեւ մը բոլոր զգացումներս ձեզի հանդէպ արտայայտելու, որն է այս նամակը: Դուք էք մեր յոյսը ապրելու, դուք էք որ ժպիտ կը ստեղծէք մըր դէմքերուն վրայ, ինչպէս նաեւ դուք էք մեր հայրենիքին արմատները, ծառը առանց արմատի գոյութիւն չունի, նոյնպէս ալ հայրենիքը գոյութիւն չունի առանց ձեզ: Ամէն մէկ վայրկեան ձեր մասին կը մտածեմ եւ ձեր մայրերուն մասին. Արդեօ՞ք հայ զինուորին մայրը ի՞նչպէս կրնայ դիմանալ իր զաւակին բացակայութեան: Վստահ եմ, որ զինուորը պատերազմի ժամանակ միայն իր մօրը մասին կը մտածէ: Մենք կարող չենք այդքան ատեն բաժնուիլ մեր ընտանիքներէն, որովհետեւ ձեզի նման ուժ չունինք: Թող Աստուած ձեզ պահպանի սիրելիներ: Արփի Թապաքեան
0 Comments
Leave a Reply. |
ՄԵՆՔՄեսրոպեան Վարժարանի Աշակերտներ Արխիւ
April 2015
Categories
All
|